7 բան, որոնց համար աշխատող մարդը երբեք իրեն մեղավոր չպետք է զգա

Ներկայիս կորպորատիվ մշակույթում այնպես է ստացվել, որ յուրաքանչյուր աշխատող, վարպետից մինչև թոփ մենեջեր, կախված է իր գործատուից և շարունակ արդարանալ պարտադրող մեղքի զգացում է ունենում նույնիսկ այն դեպքերում, երբ ինքը ճիշտ է։ Այդպիսի իրավիճակները բոլորին են ծանոթ։

Ենթադրենք՝ Դուք նախագծերից մեկն ավարտին եք հասցրել դեդլայնից զգալիորեն շուտ, իսկ մյուս մենեջերը, ով նույնպես նմանատիպ նախագծի վրա է աշխատում, որոշում է, որ այդ կերպ փորձում եք վնասել նրան։ Ի՞նչ եք Դուք անում. ճիշտ է, արդարանում եք։ Կամ պաշտոնի բարձրացում Դուք եք ստացել, այլ ոչ թե` Ձեր կոլեգան, թեպետ դուք հավասարազոր աշխատողներ եք, սակայն կրկին ստիպված եք լինում արդարանալ, ներողություն խնդրել, թեպետ Ձեր մեղքն այստեղ չկա։

Աշխատանքային գործընթացով տարվելը և ղեկավարին շնորհակալ լինելը հաջողակ և առաջընթացին պատրաստ մարդկանց տարբերող նորմալ որակներ են, սակայն Ձեր պրոֆեսիոնալիզմի մեջ վստահ լինելը պակաս կարևոր չէ, քան Ձեր պարտականությունների անդադար կատարումը։ Այն օգնում է հաճախորդների և մատակարարների հետ կապեր հաստատել, և հենց դրա շնորհիվ Ձեր աշխատանքը կգնահատվի ըստ արժանվույն։ Մենք բոլորս ապրում ենք ժամկետների աշխարհում, անընդհատ կապի մեջ ենք, ստուգում ենք էլեկտրոնային փոստը՝ հաճախ մոռանալով այն մասին, որ Դուք պարտավորություններ ունեք Ձեր ընտանիքի առաջ, կամ պարզապես ուզում եք հանգստանալ։ Ահա 7 իրավիճակ, որոնց դեպքում Դուք երբեք ղեկավարության և կոլեգաների առաջ մեղքի զգացում չպետք է ունենաք։

1. Վերահսկողությունից դուրս եկած իրավիճակներ:

Ինչպես ցանկացած լավ աշխատող, Դուք պետք է պահպանեք ժամկետները, վերահսկեք Ձեր աշխատանքի բոլոր ուղղությունները, կապի մեջ լինեք ձեր ընկերության այլ աշխատակիցների և հաճախորդների հետ։ Միևնույն ժամանակ՝ ի հայտ են գալիս իրավիճակներ, որոնք վերահսկել կամ կանխատեսել պարզապես հնարավոր չէ։

Օրինակ՝ եթե Ձեր աշխատանքի արդյունքը կախված է այլ մարդկանցից, կամ հաճախորդն ակնհայտ իրողությունները ճիշտ չի մեկնաբանել։ Այդ դեպքում միակ ճիշտ որոշումը ժամանակին ղեկավարությանը բոլոր փաստերի մասին տեղյակ պահելն ու իրավիճակից դուրս գալու Ձեր տարբերակն առաջարկելն է։ Եթե Դուք Ձեր աշխատանքը ճիշտ և գրագետ եք արել, Դուք չպետք է ներողություն խնդրեք այն բանի համար, որ ինչ-որ բան այնպես չի գնացել։

2. Աշխատանքի ոճը Մեզնից յուրաքանչյուրն աշխատելու իր ոճն ունի։

Մեկը ձգում է մինչև վերջին պահը և արդյունքում շատ երկար է աշխատում նախագիծը ժամանակին հանձնելու համար, իսկ մյուսը պլանավորում է իր ժամանակը՝ այն ժամկետից շուտ հանձնելով։ Եվ առաջին, և երկրորդ տարբերակները կյանքի իրավունք ունեն, եթե տալիս են որակյալ արդյունք։

3. Սեփական կարծիք: 

Երբեմն կողմնակի հայացքն օգնում է խնդրահարույց իրավիճակի դեմն առնել։ Օրինակ՝ Դուք հասկանում եք, որ Ձեր կոլեգայի որոշ գործողություններ կարող են նվազեցնել ընկերության աշխատանքի արդյունավետությանը կամ վնասել նրան, չնայած նա համոզված է, ամեն բան ճիշտ է անում։ Այդ դեպքերում Դուք չպետք է մի կողմ կանգնեք, անգամ, եթե Ձեր տեսակետը սխալ լինի, և իրականում ամեն ինչ նորմալ է։ Ձեր այդ վարքագիծը միայն կապացուցի Ձեր՝ ընկերության ճակատագրով մտահոգ լինելը։

4. Հարցեր և քննարկումներ:

Որոշ մարդիկ սովոր են ընկերության աշխատակիցների և հաճախորդների հետ ընդհանուր հանդիպման ժամանակ ուղղակի գլխով անել կամ համաձայնել ընդունված բոլոր որոշումների հետ։ Բայց եթե Դուք ունեք աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող գաղափարներ, անպայման կիսվեք դրանցով կոլեգաների հետ։ Նույնը վերաբերում է բոլոր այն իրերին և գործընթացներին, որոնց հետ Դուք օբյեկտիվ պատճառներով համաձայն չեք։ Հանդիպումները հենց դրա համար էլ անհրաժեշտ են, որպեսզի մտքերով փոխանակվեն, հարցեր տան և ողջ թիմով շարժվեն դրված նպատակներին ընդառաջ։

5. Կենտրոնացում աշխատանքային գործընթացների վրա:

Անկասկած, մարդիկ երբեմն քննարկում են աշխատանքին չվերաբերող հարցեր՝ երեխաներին, տնային կենդանիներին, պատմում են տեսած ֆիլմի կամ անցկացրած հանգստյան օրերի մասին տպավորությունները։

Սակայն, եթե Դուք աշխատանքին վերադառնալու անհրաժեշտություն եք տեսնում, քաղաքավարի կերպով այդ մասին ասեք Ձեր գործընկերոջը և ավելացրեք, որ հաճույքով նրա հետ կզրուցեք հաջորդ անգամ, ավելի ազատ ժամանակ։

6. Արձակուրդ, հանգստյան և ինքնակրթության օրեր:

Դուք պետք է հասկանաք, որ հանգիստը պարզապես անհրաժեշտ է Ձեզ՝ գործերից կտրվելու, ուժ հավաքելու և պարզապես հոգեզգայական հավասարակշռությունը վերականգնելու համար։ Հանգիստը պակաս կարևոր չէ նաև ցանկացած մարդու ֆիզիկական առողջության համար։ Դուք այն ազնվորեն վաստակել եք։ Հոգնած մարդը չի կարող հաջողակ լինել. նա կարող է սխալներ գործել և ընդունել ոչ ճիշտ որոշումներ։ Եթե զգում եք, որ էլ հնարավոր չէ աշխատել, մի մեղադրեք Ձեզ՝ շունչ քաշելու ցանկություն ունենալու համար։

7. Ժամանակ առ ժամանակ այնպիսի իրավիճակներ են լինում, երբ պետք է երկար մնալ աշխատավայրում կամ անգամ գիշերն աշխատել։

Բայց դա նորմա չպետք է լինի։ Դուք որոշակի աշխատանքային գրաֆիկ ունեք և անձնական ժամանակի իրավունք։ Դուք արժանի եք, որ Ձեզ չանհանգստացնեն օրինական հանգստյան օրը, վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան։

Վստահ ենք, շատերդ հայտնվել եք նմանօրինակ իրավիճակներում և մեղքի զգացում ունեցել գործընկերների կամ գործատուների առաջ, չնայած դրա անհրաժեշտությունն իրականում չկա։ Բայց եթե մի փոքր վերանայեք Ձեր վերաբերմունքն աշխատանքային գործընթացների նկատմամբ, դրանք մի քիչ Ձեզ հարմարեցնեք, կարելի է հասնել ներդաշնակության աշխատանքի, ընտանիքի և այն ամենի միջև, ինչ կա աշխատավայրի պատերից դուրս։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ