Նունե Եսայանի 50-ամյակի խնջույքի հայտնի հյուրերը և ամենամեծ նվերը

1943

Երգչուհի Նունե Եսայանն օգոստոսի 5-ին տոնում էր 50-ամյակը՝ 1 ամիս անց՝ սեպտեմբերի 5-ին, Նունեն իր տարեդարձը տոնել է մեծ խնջույքով:

Երգչուհին որոշել է մեկ ամիս ուշացմամբ նշել օրը, քանի որ օգոստոսին շատերը բացակայում են երկրից, իսկ հյուրերը շատ էին:

Tert.am Life-ը ներկա է Նունեի 50-ամյակի խնջույքին և ներկայացնում է հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին:

Թեև մեկ ամիս անցել էր տարեդարձից, երգչուհու զգացողությունը տոնական էր:

Նունեն շտապեց շեշտել, որ իր համար տոնական են բոլոր այն օրերը, երբ բեմում է, իսկ տարեդարձի օրը նա որոշել էր բեմում լինել:

Մոտ 1 ժամ Նունեն երգեց իր հյուրերի համար, ներկայացրեց երգերի պրեմիերաներ, որոնց ռիթմերի ներքո իր հյուրերը պարեցին ու լավ ուրախացան:

Երեկոյի երկրորդ հատվածի երաժշտական մասն ապահովեց երգչուհու ամուսինը՝ Ավո Խալաթյանը:

Միշտ հրաժարվում էր երգել ծննդյանս օրվա միջոցառմանը: Նախորդ անգամները չէր համոզվում, այս անգամ ստացվեց համոզվել:) Ասացի՝ էլ երբ եմ լինելու 50 տարեկան»,- պատմեց Նունեն:

Ավոն էլ բեմից սիրո խոստովանություն արեց կնոջը: «Ես քեզ շատ եմ սիրում: Քո մեծ ընտանիքի հետ քո կողքին եմ,- ասաց նա, Նունեն էլ արձագանքեց,- «Շնորհակալ եմ,ո ր դու կաս»:

50-ամյակին Նունեն ներկայացել էր ոսկեգույն զգեստով: Տորթն էլ ոսկեգույն զարդարանք ուներ: Սա և՛ երգչուհու դստեր՝ Էլիզաբեթի ճաշակով էր, և՛ խորհուրդ ուներ:

«Արևն է ջերմացնում մեզ, իսկ արևը ոսկեզօծ է»,- նկատեց Նունեն:

Երգչուհին խոստովանեց, որ ժամանակին 50-ը վախենալու տարիք էր թվում, հիմա՝ ոչ: «Ինձ թվում էր՝ 50-ը վախենալու է, բայց այդքան վախենալու չէ: Ես որոշել եմ այսուհետև ամեն օրն ապրել ինչպես վերջինը:

Չգիտեմ՝ ինչպես կստացվի, բայց կփորձեմ: Որոշել եմ երիտասարդ արթնանալ, երիտասարդ քնել, երիտասարդ հագնվել, երիտասարդ երգեր երգել: Պետք է, որ ստացվի: 50-ում ոչինչ չի փոխվել:

Տարեցտարի ես ինձ շատ ավելի երիտասարդ եմ զգում: Իմ երեխաները մեծանում են, ես փորձում եմ երիտասարդ լինել իրենց կողքին: Ուրախ եմ, որ իրենք առողջ են և իմ կողքին»,- ասաց երգչուհին:

Ամփոփելով իր անցած ճանապարհը՝ Նունեն շեշտեց, որ լավ կյանք է ապրել: «Միայն գիտեմ, որ լավ կյանք եմ ապրել: Աստված ինձ շնորհել է ձայն և այդ շնորհքը ճիշտ գործածելու հնարավորություն:

Ես երջանիկ եմ, որ հենց այս մասնագիտությունն է ինձ բաժին ընկել: Ուրախ ու լավ մասնագիտություն է՝ միշտ բեմում ենք և՛ մենք ենք հաճույք ստանում, և՛ ուրիշներին ենք հաճույք պատճառում:

Ուրախ եմ, որ կյանքում որևէ մեկի վատը չեմ ցանկացել, վատ չեմ արտահայտվել մարդկանց մասին, ինչը խորհուրդ եմ տալիս շատերին:

Կուզեի մարդիկ ապրեն այնպես, ինչպես ես եմ ապրել՝ հավատան Աստծուն, հետևեն պատվիրաներին, սիրեն բոլորին»,- ընդգծեց երգչուհին:

50-ամյակի առթիվ Նունեն շատ նվերներ է ստացել, սակայն որևէ մեկն առանձնացնել չցանկացավ՝ յուրաքանչյուրն իր տեղն ու նշանակությունն ունի:

«Ամենամեծ նվերն այն է, որ ես առողջ եմ ու կարող եմ երգել: Դրանից մեծ նվեր ինձ համար չկա ու չի էլ լինի»,- շեշտեց երգչուհին:

Մեկնաբանություններ