Քիմ Քարդաշյանը մտադիր է հայկական ծաղիկների բույրով օծանելիք ստեղծել

31

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մտադիր է հայկական ծաղիկների բույրով օծանելիք ստեղծել:

Այս մասին այսօր WCIT 2019 տեխնոլոգիական համաշխարհային համաժողովում իր ելույթում ասաց Քարդաշյանը՝ հավելելով, որ Հայաստանից կհեռանա չորս նոր գաղափարով:

«Երեկ Հայաստանի փողոցներով երթևեկելիս շատ եմ ոգեշնչվել: Առաջիկայում Հայաստանի հետ կապված մեծ նորություններ կլինեն:

Մտածում եմ ստեղծել հայկական ծաղիկների բույրով օծանելիք, դրանից բացի, գեղեցկության հետ կապված մեծ նախագծի մասին եմ մտածում: Հայաստան այցն ինձ շատ է ոգևորել»,- ասաց նա:

Քարդաշյանը նշեց, որ այս համաժողովը իր համար շատ լավ արդարացում էր` Հայաստան գալու համար։

Ասաց, որ երբ իմացել է համաժողովի մասին, սիրով համաձայնել է մասնակցել:

«Այնքան հուզված եմ և շնորհակալ եմ, որ այստեղ եմ, նաև հպարտ եմ, որ հնարավորություն ունեցա երեխաներիս այստեղ մկրտել»,- նշեց նա:

Անդրադառնալով սոցիալական մեդիայի ազդեցության թեմային՝ նա նշեց, որ պարզապես ապշում է՝ տեսնելով, թե որքան հնարավորություններ է սոցիալական մեդիան այսօր տալիս: Նա հավելեց, որ հետևորդների թվին չի նայում, թվերն ավելի շատ բիզնեսի մեջ են հետաքրքիր: