Մարգարիտա Խաչատրյանը կրկին Կառավարության դիմաց է. Զոհվածների տեղեկանքները հետ ենք տալու՝ մեր որդիներին պահանջենք

27

«Զինվոր» հկ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը զոհված զինծառայողների մայրերի հետ այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կրկին Կառավարության դիմաց էր։

Նրանք պահանջում էին հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի քննարկեն Արցախյան շարժման սկզբից մինչեւ օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին 30 միլիոն դրամ աջակցություն տրամադրելու հարցը։

Նրանք նշում էին, եթե Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին տրամադրվում է, ապա իրենց նույնպես պետք է տրամադրվի։ Լրագրողների հետ զրույցում Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ հունվար ամսից մինչեւ այսօր Կառավարությանը 5 դիմում ունեն գրած այդ հարցի վերաբերյալ.

«Վերջին դիմումում գրել ենք՝ մեծարգո վարչապետ, ակնկալում ենք զոհվածի ընտանիքների ընդունելություն, հարցին տալ դրական լուծում, որովհետեւ 5646 ընտանիք ոչ մի անգամ ոչնչից չի օգտվել։

Եթե մարզերում են ապրում, դա չի նշանակում, որ երեխեքի դին տալով՝ անտեսեն նրանց, տալ ի թղթի կտոր՝ զոհվածի տեղեկանքը, որ ոչ մի արժեք չունի։ Մենք պատրաստվում ենք մեր զոհվածների տեղեկանքները տալ Կառավարությանը եւ հետ պահանջել մեր որդիներին, եթե մեր հարցին դրական լուծում չտան։ Եվ այն վարկաբեկիչ բառերն ու վիրավորանքները, որ հնչում են իմ հասցեին, թե ես թուրքի կին եմ, ես հայտարարում են՝ ապարանցի եմ, ունեցել մի տղա, ամուսինս էլ, տղաս էլ մահացած են»։

Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ իրենց խնդիրը վարչապետի հետ չէ, ով էլ լինի այդ պաշտոնին, միեւնույն է, իրենք այդ հարցը բարձրացնելու են. «Եթե փողոցային կռվի համար իրենք կարողացան հարց լուծել, ապա այս մայրերի խնդիրներն էլ թող լուծեն, եւ թույլ չտային սեւազգեստ մայրերին՝ դուրս գալ փողոց»։

Հարցին՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախորդ հանդիպմանը որեւէ պայմանավորվածություն եղել է, Մարգարիտա Խաչատրյանն ասաց.

«Նախորդ հանդիպմանը վարչապետն ասաց՝ տիկին Մարգարիտա, դու խի՞ ես ստեղ, ասացի՝ ծնողներին ընդունի, ասաց՝ իմ ժամանաը շատ սուղ է, գնում եմ արտերկիր, վերադառնալուն պես ձեզ կզանգահարենք։ Անցել է բավականին ժամանակ, ես զանգում եմ իր մամուլի խոսնակին, ինձ ասում է՝ տիկին Մարգարիտա ջան, մենք ձեզ հետ կզանգենք, ու մինչեւ օրս հետ չի զանգել։

Ամենացավալին այն է, որ մարզերում ապրող ծնողները մտածում են, թե տիկին Մարգարիտան արդեն իր հարցը լուծել է եւ չի պայքարում։ Ես ցավում եմ, ու հայտարարում եմ, որ ես ձեզ չեմ շրջանցի եւ գումարի չեմ գնա, մինչեւ վերջ պայքարելու եմ, որ ձեր ստատուսը հաստատվի։ Սա վարչապետի խնդիր չի, Վանաձորում իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մենք ունենք գումար, բայց տեղավորելու տեղ չունենք, գումարի խնդիր չունենք, մենք էլ այդ գումարի տեղը ցույց ենք տալու, այն պիտի ծառայի զոհվածների ընտանիքներին»։

Ավելի ուշ, Մարգարիտա Խաչատրյանի հետ զրուցեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ով հայտնեց, որ վարչապետն այսօր մեկնում է երկրից (Թուրքմենստան) եւ նշեց, որ մյուս շաբաթ՝ երկուշաբթի կամ երեքշաբթի կառավարության ղեկավարը կընդունի մայրերին: