Գոռ Հակոբյանի կինը՝ Հրանուշ Մնոյանը, կրտսեր որդու 5-ամյակի մասին. «Այս անգամ որոշեցինք երեխային գեղեցիկ օր պարգևել՝ անելով այն ամենը, ինչը նա է ուզում»

148

Դերասան Գոռ Հակոբյանը և կինը՝ Հրանուշ Մնոյանը, երե, ժամանցի վայրերից մեկում, տոնել են իրենց կրտսեր որդու՝ Ֆելիքսի 5-ամյակը։

Դերասանի կինը Tert.am Life-ին տրամադրել է մանկական փոքրիկ տոնից լուսանկարներ և պատմել ինչպես տոնական օրվա, այնպես էլ որդիների հետաքրքրությունների մասին։

Հրանուշի խոսքով՝ ամեն տարի իրենք բարեկաներով հավաքվում են կա՛մ տանը, կա՛մ մեկ այլ վայրում և այդ տարբերակով նշում տոնական օրը։ Սակայն այս տարի որոշել են խախտել ավանդույթն ու մի փոքր այլ տարբերակով անցկացնել օրը․

«Այս անգամ որոշեցինք երեխային գեղեցիկ օր պարգևել՝ անելով այն ամենը, ինչը նա է ուզում, որովհետև կարծում ենք, որ օրը պետք է երեխայի համար հետաքրքիր ու անակնկալներով լի լինի, ոչ թե բարեկամների։ Երեխաները ցանկացան խաղահրապարակներ գնալ։ Երևանում գրեթե բոլոր ժամանցի վայրերում եղել ենք, իսկ օրը ավարտեցինք փոքրիկ ընտանեկան խնջույքով։ Շատ լավ ու բարձր տրամադրությամբ լի օր էր»։

Փոքրիկ Ֆելիքսը, մայրիկի խոսքով, անհամբեր է սպասում իր տարեդարձին և նվերը միշտ նախապես է պատվիրում․ «Այս տարի մոտոցիկլ էր ուզել և կեսգիշերին մենք նրան նվիրեցինք երկար սպասված նվերը։ Ֆելիքսը բոլորիս կողմից ստացավ իր երազած մոտոցիկլը, բջջայինն ու էլի մի քանի մեծ խաղալիքներ»։

Թե ինչպես է եղբոր նվերներին արձագանքում հայտնի ծնողների ավագ որդին՝ Վարդանը, մայրիկն ասաց․ «Վարդանը միշտ ունենում է իր ուզածը, պարտադիր չէ, որ ծնունդ կամ այլ առիթ լինի, հետևաբար նա չի խանդրում եղբորը։ Մեր ընտանիքում նման երևույթներ չկան»։

Մայրիկի խոսքով որդիները շատ հետաքրքրասեր են և արդեն հաճախում են տարբեր խմբակներ․ «Մեկը հաճախում է կարատեի, մենթալ թվաբանության, թմբուկի դասերի, իսկ մյուսը՝ պարի։ Խաղում են համակարգչային խաղեր, հեծանիվ են վարում և այլն»։