«Ասացի նորից հայրիկ ես դառնալու, ու նա շոկահարված ժպտաց ինձ». Լուսին Վարդանյանը` 2-րդ հղիության ու ցանկալի անվան մասին

209

Դերասան-ամուսիններ Լուսին Վարդանյանի և Վահագն Խաչատրյանի ընտանիքում համալրում է սպասվում:

Նրանք սպասում են իրենց երկրորդ բալիկին, իսկ առաջնեկը` Ռուզիկը, անչափ երջանիկ է ու սպասում է, թե երբ է սիրելու, խնամելու ու հոգ տանելու եղբոր մասին. այո, ամուսնինների 2-րդ բալիկը տղա է լինելու:

ShowBiz.am-ը որոշ ժամանակ առաջ մանրամասն անդրադարձել էր Լուսինի և Վահագի կյանքում տեղ գտած այն բարդ ու կարևոր փուլի մասին, որն, իհարկե, բարի ու գեղեցիկ ավարտ ունեցավ, իսկ դրա վառ ապացույցը այսօր նրանց գեղեցիկ ընտանիքն ու 2-րդ բալիկի լույս աշխարհ գալուն սպասելն է:

Փորձություններն ու բաժանության էտապը կարելի է վերջնականապես մոռանալ և մի կողմ դնել. չէ՞ որ նրանք այսօր առավել կարևոր սպասում ունեն, և, որ ամենակարևորն է, երջանիկ են:

Լուսինը մայիսի 9-ին` ամուսնու հայրիկի ծննդյան տարեդարձին, բոլորին անակնկալ կերպով հայտնում է լուրը. նշում է, որ պապիկի համար դա ամենալավ ու թանկ նվերն եղավ այդ օրը:

Այ իսկ ամուսնուն ճանապարհին` մեքենայի մեջ է հայտնում. «Ասացի մի հարմար տեղ կանգնիր. բան եմ ասում, հանկարծ չկարողանաս մեքենան արգելակել, ասաց ասա, կլսեմ: Ասացի հայրիկ ես դառնալու. սկզբում ոչ մի միմիկա, 2 վայրկյանից շրջվեց ու շոկահարված ժպտաց ինձ:

Բնականաբար, կարող ենք ենթադրել ուրախության չափը: Արդեն հասունացել էր պահը, ցանկությունը մեծ էր: Իմանալու ամբողջ օրը նայում էինք իրար ու ժպտում»:

Իսկ օրեր առաջ էլ Լուսինն ու դուստրը, իմանալով երեխայի սեռը, անակնկալ են անում հայրիկին և ասում, որ որդի են ունենալու. «Երբ բժիշկն ասաց տղա է, ես չզարմացա, որովհետև առաջինի ժամանակ էլ զգում էի, որ աղջիկ է:

Վահագին դիտմամբ ցերեկը ասացի, որ դեռ չգիտեմ. ուզում էի աչքերի մեջ նայելով ասել. երեկոյան ասաց աչքերդ փայլում են, աղջի՞կ է. ասացի` ոչ, տղա: Անսահման ուրախ եմ, քանի որ տղա էլ էի ուզում ունենալ: Վահագն էլ, բնականաբար, երազում էր տղա երեխայի մասին»:

Փոքրիկ Ռուզիկի ուրախությունն ու երջանկությունն, իհարկե , անսահման է. «Ռուզիկս արդեն 2 տարի է, ինչ երազում է քուրիկի կամ ապերիկի մասին:

Ամեն օր մանկապարտեզի ճանապարհին  ինձ պատմում էր իր հեքիաթը, թե ինչպես է սիրելու ու խնամելու իր քուրիկին կամ ապերիկին. նույնիսկ եթե թեթև լինի, իր հետ կտանի մանկապարտեզ: Սկզբում ապերիկ էր ուզում, հետո քույրիկ, բայց հիմա սիրով սպասում է ապերիկին»,- ժպիտով պատմում է դերասանուհին:

Հղիության 4-րդ ամսում գտնվող դերասանուհին մտածում է միայն բալիկի առողջ լինելու մասին` շատ անգամ մոռանալով բարդություններն ու դժվարությունները: Նա վստահ է, որ որդին իրեն է նման լինելու, քանի որ դուստրն էլ իսկ և իսկ հայրիկն է:

Հարցին` արդյո՞ք որոշել են արդեն երեխայի համար անուն, նա պատասխանեց. «Անունը դեռ չենք որոշել, բայց ես իմ մտքում միշտ պատկերացրել եմ, որ տղա ունենամ, լինելու է Նոյ. Շատ մեծ խորհուրդ ունի իր մեջ»:

Իսկ զրույցի վերջում Լուսինից հետաքրքրվեցինք` պատրա՞ստ է կրկին անցնել այն բոլոր ճանապարհներով, որ ունեցել է դստեր ժամանակ, իրեն համարու՞մ է ամբողջովին պատրաստ. «Կար ժամանակ, որ պատրաստ չէի, թեև ցանկությունս մեծ էր երկրորդն ունենալ:

Հիմա այո՛, պատրաստ եմ, թեև չեմ մոռացել բարդությունների մասին. երախան աշխարհի ամենաթանկ ու ամենալավ բանն է»,-եզրափակեց նա:

Մեկնաբանություններ