Նաիրա Մովսիսյան. «Անձնականում պետք է այնքանով ուժեղ լինես, որ բաժանություն չլինի․ կնոջն այդ ժամանակ է ուժը պետք գալիս»

128

Նաիրա Մովսիսյանի ստեղծագործական ու հեռուստատեսային կյանքում ժամանակավոր դադար է։ Դերասանուհին հիմա այլ զբաղվածություն ունի՝ ուժերը փորձում է նոր բիզնես ոլորտում։

Tert.am Life-ի հետ զրույցում Նաիրան պատմել է իր ներկայիս զբաղվածության, դստերն առավել շատ ժամանակ տրամադրելու և ստեղծագործական դադարի պատճառների մասին։

«Ներկայումս ստեղծագործական առումով պասիվ եմ, բայց, կարծում եմ, որոշակի դադարից հետո կրկին կվերադառնամ դաշտ։ Իհարկե պատճառն առաջարկների բացակայությունը չէ, որովհետև առաջարկներ կան՝ պատաճառը ցանկության բացակայությունն է։

Ստեղծագործական պասիվությունս պայմանավորված է այն գործունեությամբ, որը հիմա ծավալում եմ բիզնես ոլորտում։

Հիմա զբաղվում եմ մի գործով, որն ինձ տալիս է այն հեռանկարը, որը ես եմ ուզում։ Այն հնարավորությունները, որոնք ես հիմա ունեմ՝ բոլորի համար երանություն է»,- ասաց դերասանուհին։

Թե ինչ բիզնեսի մասին է խոսքը՝ դերասանուհին փակագծերը բացել չցանկացավ՝ նշելով միայն, որ այն, ինչով իմա ինքը զբաղվում է՝ Հայաստանում նոր է և իրեն, ըստ դերասանուհու, հնարավորությւն է տալիս նաև օգնել մյուսներին․

«Իրականում լավ ապրելու համար մարդ պետք է տանջվի, տառապի, սակայն հասնի այն կետին, որ էլ չաշխատի՝ ունենալով կայուն եկամուտ։ Հիմա ինձ մոտ այդ տառապել-տանջվելու փուլն է՝ այդ ոլորտում շատ բաներ նոր եմ սովորում, բացահայտում, ուսումնասիրում, բայց եկամտի տեսանկյունից՝ ամեն ինչ լավ է և էլ ավելի լավ կլինի»։

Խոսելով կրկին հեռուստատեսություն վերադառնալու մասին՝ Նաիրան ասաց․ «Չեմ պատկերացնում, թե հեռուստատեսային ինչ առաջարկ պետք է լինի, որքան պետք է ինձ վճարեն, որ ես համաձայնությունս տամ և բացակայեմ այնտեղից, որտեղ հիմա եմ։ Կգա ժամանակ, երբ ես կկարոտեմ և կրկին կվերադառնամ ոլորտ, իսկ հիմա ես գիտեմ որ ես մի ոլորտում եմ, որտեղ ինձ հնարավորություն է տրված ֆինանսապես անկախ լինել բոլորից։

Ես արդեն հասկանում եմ, որ գալու է ժամանակ, երբ ես նստած կլինեմ և դեռ մի բան էլ կմտածեմ այս կամ այն մարդը դուռս թակի ինձ առաջարկ անի, թե՞ ոչ։ Կգա ժամանակ և արդեն ես կմտածեմ, թե որքան գումար պետք կգա, որ իմ ուզած ներկայացումը բեմադրվի, որքան գումար պետք է տամ, որ նկարահանվի այս կամ այն բանը, որովհետև ես այդպես եմ ուզում»։

Հաշվի առնելով այն, որ դերասանուհին չցանկացավ բիզնեսի հետ կապված հարցարույցի շրջանակներում բացահայտումներ անել՝ հետաքրքրվեցինք, թե որքավո՞վ է այդ ոլորտում իրեն օգնում իր հայտնիությունը․ «Այն բացարձակ չի օգնում և չեմ էլ ցանկանում, որ օգնի։ Շատերին, բնականաբար, օգնում է, սակայն ոչ ինձ։

Այն, ինչով զբաղվում եմ՝ Հայաստանում ևս նոր է և հայտնիությունը կարող է միայն այն մասով օգնել, որ մարդիկ կտեսնեն՝ ես իմ ստեղծագործական 12 տարիները դրել եմ մի կողմ և քայլում եմ առաջ՝ վստահ լինելով, որ ապագայում կունենամ այն, ինչ կունենամ»։

Նաիրայի խոսքով ինքն ուզում է, որ յուրաքանչյուր մարդ, որին հնարավորություն է տրվում առաջ քայլել՝ չկորցնի այդ հնարավորությունն ու գնա առաջ․«Այսինքն եթե մենք որևէ բանից գաղափար չունենք, դա դեռ չի նշանակում, որ այն վատ է։

Երբ հնարավորություն է տրվում քայլել դեպի նպատակը՝ չպետք է անտեսել։ Շատ դեպքերում մեր կյանքում մեզ տրվում է հնարավորություն՝ մեր նպատակին հասնելու, սակայն այն անտեսում ենք՝ չհասկանալով, թե այն մեզ ուր կարող էր տանել»։

Եթե հեռուստատեսային կյանքը դերասանուհուց շատ ժամանակ էր խլում, ապա հիմա նա կարողանում է դստերը՝ 3-ամյա Մարիային էլ ավելի շատ ժամանակ տրամադրել։

«Դստերս իրականում շատ քիչ ժամանակ էի տրամադրում, կարելի է ասել, չէի տրամադրում, սակայն հասկացա, որ բալիկս մայրական ջերմության կարիք ունի։ Ներկայումս օրվա մի կեսն ամբողջությամբ իրենն է, իսկ մյուսը՝ այն մարդկանցը, ովքեր ինձ հավատացել են։

Այն, ինչը ես հիմա անում եմ՝ անում եմ, որ երբ բալիկս ինչ-որ բան ցանկանա՝ ես կարողանամ իր համար դա գնել։ Այս հանգամանքը ևս ինձ համար անչափ կարևորում եմ»,- ասաց դերասանուհին։

Ինչ վերաբերում է անձնական կյանքի փոփոխություններին՝ Նաիրան ծիծաղելով նշեց՝ ներկայումս նախընտրում է ժամանակն առավելապես տրամադրել գործին ու կրթությանը․

«Չնայած ներկայումս իմ ժամանակն ինքս եմ տնօրինում, սակայն հիմա իմ կյանքում այնքան շատ են նորությունները, սովորելու այնքան շատ բաներ կան, որ ես նախընտրում եմ դրանցով զբաղվել, քան ունենալ կողքիս խանգարող կամ, ինչու ոչ, օգնող ուժ»։

Նաիրա Մովսիսյանի կերպարը հեռուստադիտողներից շատերի մոտ է տպավորվել, որպես ուժեղ կին։ Կողակից ունենալու հետ կապված հարցին դերասանուհին այսպես պատասխանեց․ «Գործի հետ կապված ինքս երբեք որևէ մեկի վրահույս չեմ դրել և ինքս եմառաջ քայլում, ոչ թե քայլում են իմ փոխարեն։

Մարդ իրեն լիարժեք է զգում, երբ կողքին կա ուժ՝ դա միշտ այդպես է եղել, կա ու կլինի։ Անձնական տեսանկյունից պարտադիր պայման է, որպեսզի ամբողջական լինես։ Այսքան տանջվում ենք, տառապում, բայց մի օր գալիս է մի պահ, երբ հասկանում ենք, որ գոյություն ունեն այլ արժեքներ։ Անձնականում պետք է այնքանով ուժեղ լինես, որ բաժանություն չլինի․ կնոջն այդ ժամանակ է ուժը պետք գալիս»։

Մեկնաբանություններ

ԱՂԲՅՈՒՐtert.am