4 բան «թունավոր ազգականների մասին»

1. «Թունավոր ազգականը» կարող է եւ վատ մարդ չլինել, բայց կարող է պարզվել, որ նա այն մարդը չէ, որի հետ արժե կանոնավորապես շատ ժամանակ անցկացնել:

Ընտանեկան ոչ բոլոր թունավոր փոխհարաբերություններն են նախաձեռնվում մարդկանց կողմից, որոնք դա դիտավորյալ են անում` ձեզ վնաս տալու համար: Դրանցից որոշները կարող են ներառել մարդկանց, որոնք իրոք հոգ են տանում ձեզ` մարդկանց, որոնց մտադրությունները եւ մտքերը մաքուր են, ինչպես նոր տեղացած ձյունը, բայց դրանք կյանքի կոչելու մեթոդները կարող էին ավելի լավը լինել եւ այդ մարդկանց կողքին գտնվելն արդեն իսկ ձեզ ստիպում է զոհաբերել սեփական երջանկությունը եւ բարեկեցությունը: Այդ պատճառով, որքան էլ ծանր լինի, ստիպված եք լինում մեկուսանալ նման բարյացակամներից` գոնե այնքան, որ շունչ քաշելու տեղ ունենաք: Դուք ուղղակի չեք կարող ձեզ թույլ տալ ամեն օր զբաղվել ինքնաոչնչացմամբ հանուն ինչ-որ մեկի: Դուք պետք է սեփական բարեկեցությունն առաջին տեղում դնեք: Եվ եթե հանուն դրա ստիպված լինեք ազգականներից ինչ-որ մեկի հետ ավելի քիչ ժամանակ անցկացնել, նրանց հեռվից սիրել կամ էլ ուղղակի մեկուսանալ իրավիճակից, որում գտնվելը ձեզ համար շատ ծանր է, դուք դրա լիակատար իրավունքն ունեք: Թեկուզեւ` սեփական հոգեկան առողջությունը պահպանելու համար:

2. «Թունավոր» մարդիկ հաճախ հմտորեն թաքնվում են պասիվ ագրեսիայի հետեւում

Պասիվ-ագրեսիվ պահվածքը կարող շատ ձեւեր ընդունել, բայց ընդհանուր առմամբ կարող է նկարագրվել որպես ոչ վերբալ ագրեսիա, որը դրսեւորվում է բացասական պահվածքում: Իսկ եթե պարզ խոսքերով ասենք, դա այն է, երբ որեւէ մեկը, փոխանակ ձեզ ասի, թե իրեն ինչպես է զգում, ձեզ անուղղակիորեն եւ շատ նյարդայնացնող միջոցներով դա հասկացնել է տալիս: Փոխանակ ձեզ ուղղակիորեն ասի, թե ինչն է իրեն հունից հանում, նա ձեզ «ծակծկելու» բազմաթիվ միջոցներ է գտնում, մինչեւ որ ուշադրություն դարձնեք իր վրա: Եվ հավանաբար կորցնեք տիրապետումը: Արդյոք նման փոխհարաբերությունները թունավոր են: Անկասկած: Չէ որ նախ եւ առաջ դրանք ցույց են տալիս, որ այդ մարդը համարում է, որ չի կարող իրեն թույլ տալ անմիջականորեն ձեզ հայտնել, թե ինչն է իրեն անհանգստացնում: Հիշեք, խելամիտ մարդ արարածների մեծամասնությունը ձեր նկատմամբ պասիվ ագրեսիվ պահվածքի նվազագույն պատճառ չի տեսնի, եթե իմանա եւ զգա, որ կարող է առանց որեւէ վտանգի ուղղակիորեն ձեզ ասել, թե ինչ է մտածում: Այլ խոսքով` նրանք իրենց հույզերը պասիվ-ագրեսիվ պահվածքի տակ թաքցնելու կարիք չեն ունենա, եթե զգան, որ իրենց չեն դատապարտի կամ քննադատի իրենց մտածելակերպի համար:

3. Նրանք անպայման կջանան ձեզ իրենց կամքին ենթարկել, եթե դուք դա թույլ տաք

Մենք բոլորս լսել ենք դպրոցական խուլիգանների` թույլ կամ բարեհոգի աշակերտներին ծաղրելու մասին, բայց թունավոր ազգականները երբեմն կարող են մի քանի անգամ ավելի վատը լինել, քան այդ խուլիգանները: Ուրիշներին ծաղրելը վատ է: Եվ վերջ, ոչ մի «բայց»: Ոչ ոք չունի եւ չի կարող ունենալ ուրիշին որպես անձի վիրավորելու եւ ստորացնելու իրավունք: Սակայն դժբախտաբար կան մարդիկ, որոնք ուղղակի չեն կարող երջանիկ լինել, մինչեւ որեւէ մեկի ինքնահարգանքը ցեխը չգցեն: Եվ դուք պետք է սովորեք դիմակայել այդ տհաճ մարդկանց: Պետք է վճռականություն ունենալ դրա համար: Նրանց մի թույլ տվեք իրենց ուզածն անել: Հիշեք, ոչ ոք ի վիճակի չէ ձեզ ստիպել ոչնչություն զգալ, եթե դուք ինքներդ նման ուժ չտաք:

4. Ձեւացնել, թե ազգականների թունավոր պահվածքը լիովին նորմալ է

Եթե դուք չպաշտպանեք ձեր շահերը, ինքներդ էլ չեք նկատի, թե թունավոր ազգականներն ինչպես կսկսեն իրենց ծանր բնավորությունն օգտագործել, որպեսզի ձեր կողմից իրենց նկատմամբ հատուկ վերաբերմունք կորզեն: Եվ դուք թույլ կտաք, որ դա անեն, որովհետեւ… ավելի հեշտ կլինի անել այն, ինչ նրանք ուզում են ձեզանից, քան հերթական վեճի մեջ մտնել: Ձեր կյանքը կարճաժամկետ հեռանկարում թեթեւացնելով, դուք այն երկարաժամկետ կտրվածքով անուրախ եք դարձնում: Եթե դուք թունավոր մարդկանց վարձատրեք իրենց պահվածքի համար, նրանք չեն փոխվի: Երբեք:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: